Շրջակայքը: Հանրապետության Հրապարակ

Երևանի հենց սրտում՝ երգող և պարող գունագեղ շատրվանների ելևէջների ներքո, սփռված է Հանրապետության հրապարակը: Ի թիվս բազմաթիվ բնորոշ առանձնահատկությունների, այն հայտնի է նաև 3000-ամյա պատմություն ունեցող ստորգետնյա ավերակներով, որոնք նա պահպանում է հետագա սերունդների համար:

Հանրապետության հրապարակի հանճարեղ ճարտարապետական լուծումները անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մտքի թռիչքն են:

Առավել ընդգրկուն պատկերացում կազմելու և թամանյանական ուրույն ոճին ծանոթանալու համար առնվազն անհրաժեշտ կլինի վերից հայացք նետել հրապարակի խճանկարային գորգին: Ճարտարապետը այդպես էլ նախագծել էր՝ հրապարակի օվալը վերից պետք է ունենա ավանդական գորգի տեսք:

Հրապարակի յոթ շատրվանները ոչ միայն երևանյան տոթ երեկոները զովացնելու, այլ նաև բազմաթիվ սիրահար զույգերի հանդիպման վայր են: 

Հրապարակը առավել մարդաշատ է երեկոյան ժամերին, երբ ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո մարդիկ նախընտրում են իրենց ընտանեկան հանգիստը վայելել այստեղ: Հրապարակ այցելելու լավագույն ժամանակահատվածը սկսվում է վաղ գարնանը և ավարտվում ուշ աշնանը: Դա լավագույն ժամանակն է ունկնդրելու շատրվանների գունային խաղը դասական, փոփ, ռոք և ժամանակակից ջազի ակորդների զուգակցությամբ:

Հանրապետության հրապարակի գեղեցկությունը համալրում են այն շրջապատող կառույցները՝ ՀՀ կառավարության շենքը, ՀՀ կենտրոնական փոստը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:

Հրապարակի մասին խոսելիս անարդար կլինի չնշել Կառավարության շենքի բարձրադիր աշտարակի գլխավոր ժամացույցը: Այն ժամը մեկ ղողանջում է և տասնամյակներ շարունակ ազդարարում ժամանակը:

Առավել ուշագրավ են այն պետական համերգները, որոնք մերթընդմերթ կազմակերպվում և բաց երկնքի տակ են հավաքում ոչ միայն համայն  հայությանը, այլև զբոսաշրջիկներին:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 0.2 Կմ